Մեր դպրոցականները՝ համաշխարհային նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակի:

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջազգային ցուցահանդեսի նպատակն էր նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրներից, որոնցից միայն 350-ն են արժանացել վերոնշյալ մրցանակին:

Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի Գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի Արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: ‹‹Ընտանիք›› կենտրոնի սաների մասնակցությունը հեղինակավոր այս մրցույթին միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են ‹‹Ընտանիք›› կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում:

‹‹Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով›› թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու   Աննա Մկրտչյանի ‹‹Ուրախ ճանապարհորդություն›› և ‹‹Բնության երգը›› աշխատանքները գրավել են միջազգային ժյուրիի ուշադրությունը, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը: