«Փաստերի ստուգման հարթակ» հորջորջված կայքն այսպե՞ս է պայքարում ապատեղեկատվության դեմ․․․

Երբ իրականում անհրաժեշտություն կա նրա հրապարակած կիսաճշմարտության, հենց նրա մանիպուլյացիայի դեմ պայքարելու

Համեմատաբար վերջերս ասպարեզ է եկել «Փաստերի ստուգման հարթակ» հորջորջված ինչ-որ կայք։ Միանգամից ասենք այդ կայքի պատասխանատուին ու նրա ետևում կանգնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ դո՞ւք եք փաստեր ստուգողը, վա՜յ ձեր կամ «Փաստերի ստուգման հարթակ» կայքի կատարած ստուգմանը․․․

Վերոնշյալ կայքը ս․ թ․ մարտի 12-ին հանդես է եկել «Այլասերվածության քարոզչության արգելքի» վերաբերյալ պնդումները կեղծ են» վերտառությամբ հրապարակմամբ, ըստ որի, «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսի հանդիպումից հետո մամուլում սկսել է շրջանառվել մի վարկած, ըստ որի, Հայաստանում պատրաստվում են քրեական հետապնդում իրականացնել սեռական անհանդուրժողականության համար»։

Եթե ՀՀ քրեական նոր օրենսգիրքը դեռ ընդունված չէ՝ իր 197-րդ հոդվածի ներկայիս շարադրանքով, ապա Հայաստանում իշխանություններն ինչպե՞ս կարող են պատրաստվել քրեական հետապնդում իրականացնել սեռական անհանդուրժողականության համար․․․ Կատարյալ անհեթեթություն։ Լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ վերոնշյալ վարկածը «Փաստերի ստուգման հարթակ» կայքն ինքն է միտումնավոր հորինել ու վերագրել մամուլին, հակառակ պարագայում թող պատասխանի, թե որոշակի ո՞ր ԶԼՄ-ներն են շրջանառության մեջ դրել այդ վարկածը, նշի այդ ԶԼՄ-ներից գոնե մեկի անվանումը։

«Փաստերի ստուգման հարթակ» կայքն իրականությանը շատ լավ տեղյակ լինելով, մեր հրապարակման առնչությամբ հանրությանը միտումնավոր նախ ներկայացրել է կիսաճմարտությունը, որը սովորաբար համարվում է կեղծիքի ամենավտանգավոր ու նենգ տեսակը, ամենամեծ սուտը կամ ավելի վատը, քան նույնիսկ կեղծիքը։ Նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսի հետ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ս․ թ․ մարտի 4-ի հանդիպումը (դրան, ի դեպ, մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան), որի ընթացքում նախարարն ասել է, որ ներկայիս կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ, ապա տեղեկացրել, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են և, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն, «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրել է

«Livenews.am լրատվական կայքը, սակայն, անդրադառնալով այս հանդիպմանը, ուշադրություն էր հրավիրել հատկապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի ընդունման կետին՝ առանձնացնելով և մեջբերելով միայն 197-րդ հոդվածը, որը վերաբերվում է խտրականությանը։ Նախագծի այս հոդվածով պատասխանատվություն է ենթադրվում մարդու իրավունքների այնպիսի խախտումների համար, որոնք պայմանավորված են սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, կրոնով, լեզվով, գենետիկական հատկանիշներով։

Ըստ վերոնշյալ կայքի ներկայացման, եթե այս նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, ապա, ըստ էության, Հայաստանում պատժելի է դառնալու «այլասերվածության քարոզչության արգելքը»։ Իրականում, սակայն, նշված պնդումը ոչ միայն անհեթեթ է, այլ նման բովանդակությամբ որևէ քննարկումների մասին որևէ պաշտոնական հրապարակում չկա, և՛ լրատվականի, և՛ նրա հյուրի՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հայտարարությունները հիմնված են անհեթեթ ենթադրությունների վրա» (ընդգծումը՝ մերը)։

Սկսենք վերջից․ իսկ ո՞վ է գրել կամ ասել, թե Արտակ Զեյնալյանը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածը կամ դրանով այլասերվածության քարոզչության արգելքը նույնպես քրեորեն պատժելի դարձնելու հարցը։ Տվյալ խնդրի առնչությամբ Livenews.am լրատվական կայքը մինչ 2019թ․ մարտի 12-ը հանդես է եկել ընդամենը երկու հրապարակմամբ՝ «Հայաստանում այլասերվածության քարոզչություն թույլ չտալը հանցանք է համարվելու Հայաստանի իշխանության դիրքորոշումը»  և «Փաշինյանի իշխանությունը Եվրոպայի խորհրդին խոստացել է քրեորեն պատժելի դարձնել այլասերվածության քարոզչության արգելքը (տեսանյութ)»։ Դրանցում որևէ խոսք չկա այն մասին, թե նման բովանդակությամբ որևէ քննարկում է եղել։

«Փաստերի ստուգման հարթակ» կայքը, ինչպես արդեն նշեցինք, հրապարակել է կիսաճշմարտությունը, ինչն արտահայտվել է նրանով, որ ներկայացնելով մեր կողմից մեջբերված ՀՀ քրեական նոր օրենսգրքի 197-րդ հոդվածը (այն հրապարակված պաշտոնական E-draft.am կայքում հետևյալ հղմամբ, դրանից միտումնավոր դուրս է թողել այն դրույթը, որ տվյալ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև մարդու իրավունքների այնպիսի ուղղակի և անուղղակի խախտումների (խտրականության) համար, որոնք պայմանավորված են տվյալ անձի սեռական կողմնորոշմամբ։

Վերոնշյալ կայքը տվյալ հնարքին դիմել է այն պարագայում, երբ խնդրո առարկա մեր հրապարակման կամ հրապարակումների մեջ միանգամայն հստակ նշված է 197-րդ հոդվածի հե՛նց նաև տվյալ դրույթը և մարդու սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականությունը քրեորեն պատժելի դարձնելու անթույլատրելիությունը, որովհետև ՀՀ քրեական նոր օրենսգիրքն 197-րդ հոդվածի նշված շարադրանքով ընդունելու պարագայում, անձը կարող է մինչև 2 տարի ազատազրկվել այլասերվածության քարոզչությունն արգելելու, երխա որդեգրելու միասեռականի կամ ուրիշ այլասերվածի դիմումը մերժելու և այլ դեպքերում։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը կիսաճշմարտությունն է ներկայացրել և ընթերցողներից թաքցրել իրականությունը, մեզ մանիպուլացիա կատարելու մեջ մեղադրելով, այսպիսով ինքը դիմել մանիպուլացիայի, որպեսզի մեր հրապարակումը, մեր պնդումը, որ, 197-րդ հոդվածը ներկայիս շարադրանքով ընդունելու պարագայում, Հայաստանում այլասերվածության քարոզչության արգելքը քրեորեն պատժելի է դառնալու, հանրությանը ներկայացնի անհեթեթ (բնականաբար, ոչ հավաստի), ակնհայտ մանիպուլյացիա, իսկ Հայկ Այվազյանի հայտարարությունները՝ «անհեթեթ ենթադրությունների վրա» հիմնված և այսպիսով նաև անվանարկի Livenews.am լրատվական կայքը։

«Ուշագրավ է նաև այն, որ նշված լրատվականն այս թեման ներկայացնում է «Փաշինյանի իշխանությունը Եվրոպայի խորհրդին խոստացել է քրեորեն պատժելի դարձնել այլասերվածության քարոզչության արգելքը» վերնագրով՝ դիմելով ակնհայտ մանիպուլյացիայի և ՀՀ իշխանություններին կապելով ինչ-որ դավադիր գործընթացների հետ»,- գրել է «Փաստերի ստուգման հարթակ» կայքը։

Ընդգծում ենք՝ Livenews.am-ը Հայկ Այվազյանի հետ հարցազրույցի տեսանյութը մեջբերված վերնագրով է հրապարակել, որովհետև Փաշինյանի իշխանությունը՝ հանձին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Եվրոպայի հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաներին խոստացել կամ հավաստել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ընթացքի մեջ են և, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 197-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու նկատմամբ խտրականության (նրա իրավունքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խախտելու) դեպքում՝ կախված նաև նրա սեռական կողմնորոշումից, այսինքն նաև՝ այլասերվածության քարոզչության արգելքի դեպքում և ոչ միայն․․․

«Փաստերի ստուգման հարթակ» կայքի միջոցով լրատվական գործունեություն է իրականացնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն, որի ծրագրերի համակարգողը մեր հանրության մի մասին ոչ անհայտ, «բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունից (Սորոսի հիմնադրամ) 2016-2018 թթ․ ընթացքում ահռելի գումարներ ստացած Դանիել Իոաննիսյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ Աշխեն Մուշեղյանը։

Ինչպես իր կայքում ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն, իր նպատակն է «կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը», «Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա»։ Պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը հիշյալ հկ-ն ներկայացրել է նաև իբրև իր առաքելություն։

Մեջբերենք նաև կազմակերպության կայքում հրապարակված հիշյալ հկ-ի տեսլականը՝ «Մեր կազմակերպությունը պատրաստվում է դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը», ինչպես նաև տեղեկատվությունը․ «Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ FIP.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ)»:

Այս ամենից հետո ինչպե՞ս չհարցնել՝ այսպե՞ս եք կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնում, կիսաճշմարտությունը ներկայացնելով ու մանիպուլյացիայո՞վ եք նվազեցնում ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա, այսպե՞ս եք պատրաստվում դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը․․․ Այսպե՞ս եք պայքարում ապատեղեկատվության դեմ, երբ իրականում անհրաժեշտություն կա ձեր հրապարակած ապատեղեկատվության դեմ պայքարելու։ «Փաստերի ստուգման հարթակ» կայքում հասկանո՞ւմ են, որ իրենց վերոնշյալ խայտառակ հրապարակմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի վերոնշյալ հավաստումները դարձրել են զրո, վերածել մի բանի, որը նույնիսկ զավեշտ չես բնութագրի։

Ընդգծենք, որ «Փաստերի ստուգման հարթակ» կայքի մանիպուլյացիայից հետո դժվար է հավատալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի հավաստմանը՝ «Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր»:

Ի դեպ, պարոն Իոաննիսյանին հրապարակայնորեն հրավիրում եմ բանավեճի ցանկացած մամուլի ակումբում, պատրա՞ստ է պատասխան տալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի հիշյալ հրապարակման համար․․․

 

Արթուր Հովհաննիսյան