Ոստիկանները բացահայտել են Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2007թ․հունվարից 2017թ․հոկտեմբեր ընկերոջն աշխատանքի է հրամանագրել համայնքապետարանում որպես վարորդ, որն աշխատանքի չի հաճախել: Արդյունքում՝ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 300 000 դրամը յուրացվել է:

Բացի դրանից, Շամլուղ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012թ․ փետրվարին համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է հրամանագրել եղբորը, որը 2012թ․փետրվարից 2017թ․ հոկտեմբեր աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր գործառութային պարտականությունները, ինչի արդյունքում համայնքի բյուջեից դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6 040 000 դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Այսպիսով, Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-2017 թթ․յուրացման եղանակով համայնքի բյուջեից հափշտակել է առանձանպես խոշոր չափերի՝ շուրջ 14 340 000 դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: