Շվեդիայի Վեստերոս քաղաքում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության

Շվեդիայի Վեստերոս քաղաքում հուշարձան կկանգնեցվի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-ին հայ և ասորի ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության հիշատակին: «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է «Gazetekarınca»-ն։

Նշված է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի սահմանադրության համաձայն, քաղաքային խորհուրդները չեն կարող որոշումներ կայացնել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների խմբակցությունները համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ իրենք համաձայն են  հուշարձանի տեղադրմանը, սակայն օրենքով քաղաքապետարանը չի կարող տարածք հատկացնել հուշարձանի համար: Նրանց խոսքով, հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե որևէ կազմակերպություն կամ անհատ իր սեփական տարածքը հատկացնի հուշարձանի տեղադրման համար: Այս հայտարարությանն առաջինն արձագանքել է եկեղեցին:

Վեստերոսի եպիսկոպոս Միքայել Մորգանը և Եկեղեցու խորհրդի նախագահ Յորգեն Էքլանդը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ եկեղեցին պատրաստ է իր հողատարածքներից տարածք տրամադրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար:

Ի դեպ, Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցվել էր 2015-ի մայիսին: Օրեբրո քաղաքում գտնվող հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։

Եվս մեկ հուշարձան (խաչքար) կանգնեցվել է 2016-ին Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում:

Հիշեցնենք, որ 2010թ. Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը և ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել, սակայն ավելի ուշ կառավարությունը որոշում էր կայացրել առկախել բանաձևի կիրարկումը և գործել` հիմք ընդունելով անկախ կառույցների հետազոտությունները: