Աշխարհի ամենաչորային վայրում լիճ է առաջացել

Կալիֆոռնիայի Մահվան հովտում գոյացել է 16 կմ երկարությամբ լիճ

Արտասովոր երևույթի պատճառ են դարձել առատ տեղումները։ Դրանց քանակն այդ տարածաշրջանում մարտի 5-6-ին կազմել է 2,2 սմ՝ գրեթե եռակի ավելի, քան մարտ ամսվա միջին ցուցանիշը։ Այս մասին հաղորդել է «NakedScience»-ը։ Մահվան հովիտը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաշոգ ու չորային վայրը։ Ռեկորդային տեղումները կամ մեծ ջրամբարներն այնտեղ ծայրաստիճան հազվադեպ երևույթ են։ Լիճն առաջացել է Սոլթ-Քրիքի մոտ, ազգային բնագոտու արևելյան մասում։

Լուսանկարներում երևում է 16 կմ երկարությամբ ժամանակավոր լիճը՝ Պանամինտ լեռնաշղթայի խորապատկերին։ Որպեսզի այդ անասելի չորային վայրում լիճ գոյանա, իրականում հարկավոր է ջրի ոչ այնքան մեծ քանակ։ Օդերևութաբան Քրիս Դոլչեի խոսքերով, քանի որ ջուրը դժվարությամբ է ներծծվում անապատի պայմաններում, նույնիսկ չափավոր տեղումները կարող են ջրհեղեղ առաջացնել Մահվան հովտում։ Անսպասելի ջրհեղեղ կարող է սկսվել նույնիսկ այնտեղ, որտեղ անձրև չի տեղացել. սովորաբար չոր առուները կամ խանդակները (չոր կամ ժամանակավոր ջրահոսք ունեցող հովիտները՝ ճիմապատ լանջերով) կարող են ջրի տակ անցնել վերին հարթություններում տեղացած անձրևի հետևանքով։