Արցախի երիտասարդները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու գիտական ծրագրերին․ ոլորտի պատասխանատու

Արցախի գիտական կենտրոնում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի հերթական նիստ, որին ներկա է եղել ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին բացման խոսքով հանդես է եկել Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը:

ՀՀ պատվիրակության կազմը ներկայացնելուց հետո, Ս. Դադայանն ասել է, որ ՀՀ գիտության պետական կոմիտեի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության միջև գիտական համագործակցության շրջանակներում նիստին ներկայացվելու է Արցախում իրականացվող թեմաների կատարման ընթացքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին ողջունելով ներկաներին, ասել է, որ ՀՀ գիտության պետական կոմիտեն մշտական կապի մեջ է Արցախի գիտական կենտրոնի հետ, որի արդյունքն ակնհայտ է:

Նախարարը համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի դեմս կառույցի նախագահ Սամվել Հարությունյանի:

Ն. Աղաբալյանը մասնավորապես ասել է. «Համագործակցության շրջանակներում Արցախում տասնյակ գիտական թեմաներ են ուսումնասիրվել: Երբ կենտրոնում մենք ներկայացնում ենք տարեվերջյան գիտության զարգացման պետական ծրագիրը, քննարկումների արդյունքում հաճախ հնչում են կարծիքներ, թե իբր բնագիտական թեմաներին քիչ ուշադրություն է դարձվում: Այդ թյուր կարծիքն առաջացել է այն պատճառով, որ մենք ամբողջական չենք ներկայացնում այն, ինչ կատարվում է ՀՀ գիտության պետական կոմիտեի համագործակցության շրջանակներում: Կարծում եմ, այդ բացը լրացվում է համագործակցության շնորհիվ, որը հետագայում լինելու է ավելի արդյունավետ»:

Նա տեղեկացրել է նաև, որ կան մի շարք առաջարկություններ և փոփոխություններ, որոնք կքննարկվեն ՀՀ գիտության պետական կոմիտեի անդամների հետ, որից հետո այն կներառվի ԱՀ պետական քաղաքականության ծրագրերում: Հարցերը հիմնականում վերաբերում են Արցախում գիտության զարգացման խթանմանը, կիրառական արդյունք ապահովելու համար երիտասարդ կադրերի պատրաստելուն, նրանց խրախուսելուն, ինչպես նաև գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելուն:

Նիստին ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ ասել է, որ Արցախի գիտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունն արդեն գրանցել է հաջողություններ:

«Գիտության ոլորտում Արցախի հետ մեր համագործակցությունն սկսել ենք 6 տարի առաջ,- ասել է Ս. Հարությունյանը:- Ներկայումս համատեղ իրականացրած մի շարք ծրագրեր ունենք, ինչպես նաև գիտության ասպարեզում արցախցի ութ թեկնածուներ: Մեզ հաջողվել է ֆինանսավորել գիտական աստիճան ունեցող արցախցի մասնագետներին: Գիտությունը բաց համակարգ է, և գիտական համագործակցությունը սահմաններ և ազգություն չի ճանաչում: Մենք պետք է որոշ ժամանակ հետո ինտեգրվենք տնտեսության բոլոր ոլորտներին»:

Նա ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Արցախի գիտական ոլորտում, մասնավորապես՝ նշելով բազային ֆինանսավորում չունենալը:

Ըստ կոմիտեի նախագահի, Արցախի գիտական կենտրոնը պետք է մասնակիցը դառնա ՀՀ գիտության պետական կոմիտեի ծրագրերին: Անհրաժեշտ է, որ ԱՀ ԿԳՍ նախարարությունը նամակ ուղարկի ՀՀ ԿԳ նախարարությանը, որպեսզի Արցախի երիտասարդները ևս հնարավորություն ունենան մասնակցելու գիտական ծրագրերին:

Ս. Հարությունյանն ասել է նաև, որ իրենք աշխարհի 12 երկրների հետ իրականացնում են տարբեր աշխատանքներ, որին առայժմ Արցախը չի մասնակցում:

«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և այստեղ խիստ կարևոր են երկակի ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ռազմական գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը,- հավելել է ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը։- Անհրաժեշտ է նաև հոդվածներ հրապարակել միջազգային և ռեյտինգային ամսագրերում, գիտական հանդեսներում: Ունենք մի շարք այլ ծրագրեր, որոնք շատ կարևոր են, ինչպես, օրինակ, ասպիրանտական տեղերի պետական պատվերի բաշխման նոր կարգը»:

Ելույթներից հետո Արցախում իրականացվող 7 թեմաների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց աշխատանքների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին: