Սպառողները դեռևս իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները (տեսանյութ)

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 1962 թ. մարտի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ, սահմանվեց նաև սպառողի՝ լսելի լինելու իրավունքը, և ԱՄՆ-ի Կոնգրեսում ունեցած իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝ տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, ունենք սպառողների շահերը պաշտպանող գրեթե կատարյալ օրենք, սակայն պետական վերահսկող կառույցներին համապատասխան լծակներ տրված չեն, որպեսզի նրանք կարողանան ըստ պատշաճի իրականացնել տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը և արդյունավետորեն աշխատել։

Մեզանում սպառողների շահերը մի քանի պետական կառույցներ են պաշտպանում, դրանցից ամենակրավորականը շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է, որն անգործության է մատնված, ուստի ոչ պարենային շուկան մեզանում լիովին բարձիթողի վիճակում է՝ թողնված տնտեսվարողների բարեխղճության և սպառողների իրավագիտակցության, տեղեկացվածության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում