Կառավարությունը քայլեր է իրականացնելու ՀԲ «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար

Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, փոխվարչապետ  Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետևողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:

Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:

Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝

  1. նվազեցնել վարչարարական բեռը,
  2. վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,
  3. պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը,
  4. սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:

Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ և այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը: