Օրգանական ձկնամթերքի արտադրություն, ձկնաբուծարաններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառում

Քննարկում գյուղնախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտահանման շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, ոռոգման նպատակներով ձկնաբուծարանների ջրի օգտագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ձկնաբուծարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ակնկալում են կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան, Գեղամ Գևորգյանն առաջարկել է օգտվել պետական օժանդակության շրջանակներում իրականացվող սուբսիդավորման ծրագրերից:

Անդրադարձ է կատարվել նաև օրգանական ձկնամթերքի արտադրության հնարավորությանը, որի համար, մասնակիցների հավաստմամբ, Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները։