Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահին (լուսանկարներ)

Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, նորին սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ հայրապետը ողջունել է երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:

Նորին սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը։ Երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ հայրապետը կարևոր է նկատել ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:

Իր խոսքում նորին սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ, համայն Վրաստանի Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքին:

Իր հերթին, նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն է հայտնել Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձել է Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաև անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդների կյանքի հուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ Տիրոջ Աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և երկու երկրների դեսպանները: