Ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով ապահովագրավճարներ յուրացնելու համար․ ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1980թ., 2014թ․ դեկտեմբերի 9-ին գրանցվելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում որպես անհատ ձեռնարկատեր, 2014թ. դեկտեմբերի 12-ին Երևանում ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի պայմանագիր, հանդիսանալով նշված ընկերության ապահովագրական գործակալ: Նույն օրը կազմված գործակալի օգտանունի ստացման ակտով 38-ամյա տղամարդը նշված ընկերությունից ստացել է «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանունները և դրանց գաղտնաբառերը՝ ստանձնելով իր կողմից ստացված օգտանուններով կնքված բոլոր պայմանագրերի համար նյութական պատասխանատվություն։

Քննությամբ պարզվել է, որ ապահովագրական գործակալը 2014թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2015թ. հունվարի 12-ը «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ապահովագրողի անունից տարբեր ժամկետներով կնքված պարտադիր ապահովագրության 67 պայմանագրերի հիման վրա ապահովադիրներից հավաքագրած ապահովագրավճարները չի փոխանցել ապահովագրողի բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առմամբ 2 559 130 դրամ խոշոր չափի գումար։

Արմավիրի մարզի 38-ամյա բնակչին ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: