Այսօր հայ ժողովուրդը նշում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծնունդը

«Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ: Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ: Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում»․ Վահրամ Փափազյան

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: Իսկ թե երբ և ինչու է դարձել Չարենց, ժամանակին տարբեր մեկնաբանություններ են տրվել, ամենից հավաստին, իհարկե, իր իսկ պատմածն է։

Իր անվան մասին խոսելիս, Չարենցը մի առիթով պատմել է, որ իրենց քաղաքում այդ թվերին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկին գրված էր՝ Բժիշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս անունը, Եղիշե Սողոմոնյանն իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

Մեկ այլ անգամ Չարենց անվան մասին ինքը՝ բանաստեղծը, տվել է այսպիսի բացատրություն. «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»։

1921-ից հետո Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,- ահա որտեղ է «թաքցրել» մեծ բանաստեղծն իր պատգամը (բանաստեղծական այս հնարքը կոչվում է մեզոստիքոս)․

Նոր լույս ծագեց աշխարհին.

Ո՞վ այդ արևը բերեց:–

 

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:–

 

Ահա վոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում ե լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն:
Ո՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–

 

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում –
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…

 

Ափերին այն խավարտչին,
Ուր հայրենիքն եր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Վոր գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն եր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Ո՜, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…

 

Ահա վառվում ե մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում ե նա հիմա
Վառվող վոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև ե՛լ.
Նա՛ յե միայն, վոր դարեր
Անմար՝ պիտի արևե՛…

 

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. –
Մեր անցյալի խորամիտ
Ե՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…