Հայաստանը կարող է դառնալ Իրանի հետ ռազմավարական համագործակցության և իրանական գազի տարանցիկ երկիր (տեսանյութ)

Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր։ Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով։

Իրանի կողմից մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների՝ Սիրիայի, Իրաքի և այլ երկրների վրա ազդեցության մեծացումն անմիջականորեն կապված է իրանական հեղափոխությունից հետո Իրանի ղեկավարության կողմից երկրի զարգացման մարտավարական և ռազմավարական նպատակների մշակման, բանաձևման ու կիրառման հետ։

Արցախի հիմնախնդրի լուծման, հայ-իրանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, երկկողմ տնտեսական համագործակցությունն էապես բարելավելու վերաբերյալ Իրանի ղեկավարության մոտեցումները բարձրաձայնվեցին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, երբ ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցներն են կիրառվում Իրանի նկատմամբ, խիստ կարևոր է ՀՀ-ի և Արցախի իշխանությունների կեցվածքն այդ իրականության հանդեպ և հայ- իրանական 140 կիլոմետրանոց սահմանում այլ երկրի կամ ռազմական դաշինքների զինական ուժի բացառումը։

LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում վերոնշյալ փաստերի ու խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։