Վրաստանից ժամանած ավտոբուսում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Մ.Ա․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: ՊԵԿ-ի տեղեկացմամբ, անհրաժեշտություն է առաջացել  տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան, ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի հետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։

Այնուհետև, մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի աշխատակիցներն ավտոբուսի հետնամասից, շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված ու մաքսային հսկողությունից թաքցված 13 սարքավորում։

Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ-ի իրավաբանական վարչությանը։