ԱԳ նախարարը Ջեյմս Ապատուրային ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը (տեսանյութ)

Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվել է հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ համատեղ աշխատանքը շարունակելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացներին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության կողմից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ նման գործողությունները նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը որպես միջազգային անվտանգության ապահովման կարևոր մասնակցի:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

Ջեյմս Ապատուրայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: