Շինարարական ոլորտում գերմանական փորձը կներառվի հայաստանյան ուսհաստատության կրթական ծրագրում

Համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ ԿԳՆ և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին, նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով:

«Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ ենք խոսել ու նաև գործել բիզնեսին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ՝ նրանց առաջարկելով մեր կրթական ծրագրերը և ծառայությունները: Անցյալ տարի մի շարք պայմանագրեր են ստորագրվել, և այսօր հերթական հուշագիրն է կնքվում գերմանական հայտնի հսկաներից մեկի՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերության հետ, որը ներկայացված է մեր երկրի շինարարության ոլորտում: Հուշագրի շնորհիվ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները: Բացի դրանից, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Իսկ այն, որ գերմանական ընկերությունները հաջողված փորձ ունեն այս ոլորտում, դրա բազմաթիվ վկայություններ կան: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիայում և հարակից երկրներում ընկերություններն ակտիվ համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, և այս առումով մենք ողջունում ենք մեր գործընկերների քայլը՝ միասին ՄԿՈՒ հաստատությունները պատշաճ մակարդակի բերելու համար»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ  հետագայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները՝ նմանօրինակ հնարավորություններ ստեղծելով նաև մյուս ուսհաստատությունների համար: «Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը,- երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենաք որակի բարձրացման առումով»։

«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանի խոսքով՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերությունը հիմնվել է դեռ անցյալ դարի 30-ականներին: «Շուրջ 25 տարի առաջ ընկերությունն  սկսել է աշխատել նաև ԱՊՀ շուկայում: Հայաստանում սա առաջին փորձն է. ներկայումս մշակվում են նոր մասնագիտության չափորոշիչներ, որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կբարձրանան վարպետների մասնագիտական որակները»,-նշել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի, ԿԳ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային  ծրագրերը, մշակել նորերը, կատարել լրացումներ և փոփոխություններ ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների ցանկում, նպաստել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման և որակավորման բարձրացմանը, ինչպես նաև շինարարական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներ պարունակող որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը, ինչպես նաև շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն:

«ԿՆԱՈՒՖ» ընկերության պարտականություններն են մասնակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների նոր պետական կրթական չափորոշիչների և համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերի մշակմանը, աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստմանը, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը, ՄԿՈՒ հաստատությունների հետ համատեղ օժանդակել սովորող երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպմանը: Նաև՝ ցուցաբերել մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈՒՖ» ընկերության ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈՒ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը, մասնակցել շինարարական ոլորտի մասնագիտությունների համար դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը: