«Վերելք»․ Ձևավորենք նոր հանրային վերնախավ․ հյուրը՝ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ հայկական էլիտաները ճնշող մեծամասնությամբ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտում ունեն։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության «հայաֆիկացումը»։

Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս գործընթացի մեջ են, ըստ էության, բոլոր էլիտաները՝ ֆինանսական, տնտեսական, տարածաշրջանային, մշակութային և այլն։ Գործընթացը գնում է սահուն, որովհետև խրախուսվում է իշխանության կողմից։ Այս էլիտաներից առաջադիմություն և զարգացման ռեսուրս ակնկալելն իրատեսական չէ։

Ի՞նչը կարող է հակազդել Հայաստանում էլիտաների սնանկության, նոր վոժդիզմի, Հայաստանի հերթական արևելականացման գործընթացներին։ Այսօր կան մեծ թվով մարդիկ, ունակ՝ առողջ մտածելու, որոնք անհանգստացած են հնարավոր զարգացումներով, որոնք ունակ են իրականությունն ինքնուրույն գնահատելու։ Այդ մարդկանց քանակը սպասվածից շատ է և կախված չէ տարիքից, սեռից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից։ Նրանք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն տիրույթից, ավելի լայն են տեսնում գործընթացները, Հայաստանին ու աշխարհին նայում են ավելի սթափ հայացքով։ Հենց այս մարդկանց առկայությունն է, որ հնարավորություն է տալու լուծել հայաստանյան նոր հանրային էլիտայի ձևավորման խնդիրը։

Պայմանականորեն սա կոչենք «ոչ անտարբերների հանրություն»։ Եվ հենց այստեղ է արևելյան գավառականությունից առողջ պետություն ստեղծելու ռեսուրսը։ Մեր  խնդիրը նոր հանրային վերնախավի ձևավորումն է, որի ձայնն օր օրի պետք է դառնա ավելի վստահ ու ավելի համոզիչ։ Ուղղակի պետք է մի պահից շատ ակտիվ սկսել «մեծ թոշակի» փուլը, ու հանրային կյանքն ազատել սպառված և ասելիք չունեցող անձանցից՝ լինեն դրանք հների, թե լայվերի դասից։ Սա որոշակի աշխատանք է, որն արվելու է անպայման, քանի որ Հայաստանը չունի ևս մեկ անգամ լճանալու ռեսուրս։ Մեր ժողովրդին, այս հասարակությանը նոր ասելիք է պետք, նոր տեսլականներ, նոր փարոսներ։