Դե թող գան, տեսնենք՝ նրանք դուրս կգա՞ն մեր օդանավակայանների սահմաններից
Գերմանիան մտահոգված է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունից
Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին՝ հնարավոր ձերբակալությունների մասին։ Այս մասին տեղեկացրել է Ermenihaber լրատվական կայքը։ Զգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Գերմանիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների մասին հայտարարություն է արել։ Սոյլուն ասել է, որ այն մարդիկ, ովքեր Գերմանիայում մասնակցել են «ահաբեկչական կազմակերպությունների ժողովներին», Թուրքիայի օդանավակայաններում կալանավորվելու են։
Ի դեպ, Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների մեջ ներառված են «Քրդստանի բանվորական կուսակցությունը» և գյուլենական համայնքը:
«Դե թող գան, տեսնենք նրանք դուրս կգա՞ն մեր օդանավակայանների սահմաններից,- ասել է Սոյլուն։- Այսուհետև հեշտ չի լինելու դրսում դավաճանություն անել և գալ այստեղ Թուրքիայի բարիքները վայելել»։