Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են չհայտարարագրված ապրանքներ ՊԵԿ.

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած, քաղաքացի Վ. Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Ուղևորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ: Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խոր զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային  անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից և կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են, ընդհանուր առմամբ, 254 կգ ակրիլային լաքեր և կարծրացուցիչներ;

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: