Սիրիան անհիմն է որակել քիմիական զենքի կիրառման առնչությամբ ՔԶԱԿ-ի զեկույցը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ անհիմն է որակել Դումայում երկրի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք օգտագործվելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցը:

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Այն աղբյուրները, որոնց անդրադառնում է զեկույցը, գտնվում են արևմտյան լրտեսական կառույցների վարձկանների և ԱՄՆ-ի, Բրիտանիայի  ու այլ արևմտյան երկրների կողմից հովանավորվող զինված ընդդիմադիրների վերահսկողության տակ»:

Ընդգծելով, որ Դամասկոսը քիմիական զենք չունի, Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է. «Քիմիական զենքի կիրառումը ոճրագործություն է»:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն անցած ուրբաթ օրը հրապարակած զեկույցում պնդել է, որ 2018թ. ապրիլին Սիրիայի Դումա քաղաքում քլոր թունավոր գազ է օգտագործվել:

Ահաբեկիչները 2018թ. ապրիլի 7-ին Դամասկոսին մեղադրել են այդ տարածաշրջանի վրա քիմիական հարձակում իրականացնելու մեջ:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Բրիտանիան 2018թ. ապրիլի 14-ին, փաստորեն, վերոնշյալ սադրանքից մեկ շաբաթ անց ավելի քան 100 հրթիռ արձակեցին Սիրիայի տարբեր շրջանների ուղղությամբ: Այդ ոճրագործությունն իրականացվել է նրանց  պնդած քիմիական հարձակման պատրվակով: Բայց չէ՞ որ այդ պահին ՔԶԱԿ-ի զեկույցը դեռ չկար… Հնարավոր է, չէ՞, որ այն բոլորովին այլ լիներ ուրբաթ օրը հրապարակվածից… ԱՄՆ-ի ու նրա գլխավորած ռազմական կոալիցիայի համար կարևորը, սակայն, դա չէր, այլ շինծու պատրվակով Սիրիային հարվածելը և ահաբեկիչներին ու Սիրիայի զինված ընդդիմությանը հավելյալ հնարավորություններ տալը՝ վստահ լինելով, որ հետագայում ՄԱԿ-ի ՔԶԱԿ-ը կկատարի իրենց կամքը կամ պատվերը ու կտա իրենց ուզած անհիմն կամ կեղծ եզրակացությունը՝ կոալիցիայի կողմից Սիրիայի նկատմամբ արդեն իսկ կատարված հանցանքն արդարացնելու համար: