Անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Եվրատլանտյան անվտանգության տնօրեն Նիք Գըրի համանախագահությամբ,  երեկանցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, քննարկումների հիմնական թեմաներն էին տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրները և պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական երկկողմ համագործակցությունը: Անվտանգության ոլորտին առնչվող քննարկումների շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս իրավիճակը: Բրիտանական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այն է` Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ համագործակցության ոլորտում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները: 2018թ.-ին իրականացվել են ռազմավարական մակարդակի մի շարք քննարկումներ, մարտավարական վարժանքներ, կրթական, ինչպես նաև ռազմական մշակույթի փոխանակման ծրագրեր:

Երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների շրջանակներում ՄԹ ՊՆ պատվիրակությանը` ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուրթի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում մարդասիրական առաքելության հետ կապված մանրամասներ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԹ ՊՆ միջև պաշտպանության ոլորտում 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: