Ինչ նպատակով են քաղաքային տրանսպորտային ցանցը սպասարկող ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրել

Այսօր առավոտից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում երթևեկող  և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թվով 174 ավտոբուսի 250-ից ավելի վարորդներ դուրս չէին եկել աշխատանքի՝ ի նշան բողոքի։ Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը, որը «Երևանի ավտոբուս» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, իրեն պատկանող երկու ավտոբուսներում՝ վարորդի գլխավերևում, տեսասարքեր է տեղադրել, իսկ երեկ էլ մետաղադրամների համար նախատեսված հատուկ արկղեր են տեղադրվել արգելակման ձողի մոտ, ինչն էլ հարուցել էր վարորդների վրդովմունքը։

Մեզ հետ զրուցած վարորդներից մեկի ներկայացմամբ (ի դեպ, նա չցանկացավ նշել իր անուն ազգանունը՝ վախենալով, որ հետո որոշ տեղեկություններ հաղորդելու համար կպատժվի), տեսախցիկներ ու արկղեր տեղադրելով, քաղաքապետարանը նպատակ ունի վերահսկելու գումարների շրջանառությունը։ Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, վարորդներն այդ շահույթի մի մասն իրենց են պահում, այսինքն՝ օրական վաստակից, այսպես կոչված, որոշակի տոկոս «պլան» են տալիս, իսկ մնացած գումարն իրենց է մնում, և ստացած 100-120 հազար դրամ աշխատավարձի հետ միասին, ընդհանուր եկամուտը 180-250 հազար դրամ է կազմում։

Այժմ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վարորդներին աշխատավարձ վճարել օրական 6-7 հազար դրամի հաշվարկով և այլևս գործ չունենալ ուղևորների վճարած գումարի հետ, ինչին վարորդները դեմ են, քանի որ այդ դեպքում իրենց եկամուտները զգալի կնվազեն, մինչդեռ աշխատանքային 10-12- ժամյա գրաֆիկը կպահպանվի։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն,  ֆեյսբուքյան իր էջում այսօր ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, թե տեսախցիկների տեղադրման առաջնային նպատակներից մեկը ծառայության որակը բարելավելն է, ինչը ենթադրում է, որ վարորդները չպետք է ծխեն ղեկին, խոսեն բջջային հեռախոսով, կոպտեն, վիրավորեն ուղևորներին, ինչը, ցավոք, մեր իրականության մեջ բացառիկ երևույթ չէ։

Ինչ խոսք, քաղաքապետարանի կողմից իրականացվող այս քայլը գովելի է, եթե իսկապես նպատակը ուղևորներին մատուցվող ծառայությունների բարելավումն է։ Դրա մասին մեկ անգամ չէ, որ տրանսպորտից օգտվող քաղաքացիները բարձրաձայնել են, և այժմ, թվում է, թե սայլը տեղից շարժվելու է։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողներին տեղակացրեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները սպասարկում են 20 երթուղիներ և հենց այդ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու միջոցով էլ քաղաքապետարանը որոշել է սկսել տրանսպորտային ցանցի գործող երթուղիների բարեփոխումը։

«Մեր իրավասության տակ գտնվող 2 ավտոբուսներում տեղադրվել են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա հետևելու վարորդների վարքագծին և ապահովելու ուղևորների անվտանգությունը»,- լրագրողներին տեղեկացրեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ սա դեռևս  պիլոտային ծրագիր է, դրա համար էլ երկու ավտոբուսներում են տեսախցիկներ տեղադրվել։

Նրա հավաստմամբ, ծրագրի ավարտից հետո նաև մյուս բոլոր ավտոբուսներում տեսախցիկներ կտեղադրվեն, երբ պարզեն, որ նոր մեխանիզմով աշխատելն արդյունավետ է։

Ի դեպ, Հրաչյա Սարգսյանը չթաքցրեց՝ իրենց նպատակն է, որպեսզի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շահույթով աշխատի, և իրենց իրականացրած բարեփոխումները նաև դրան են միտված։

«Այն տրամաբանությունը, որ բոլոր պետական ՓԲԸ-ները պետք է առանց շահույթի կամ վնասով աշխատեն, ընդունելի չէ,- ասաց փոխքաղաքապետը։- Մենք ունենք այն տեսլականը, թե ինչպես է զարգանալու «Երևանի ավտոբուս»-ը, որպեսզի լինի շահութաբեր։ Մենք չենք հերքում, որ երթուղային ցանցը լավ չի աշխատում, ընդունում ենք և որոշ աշխատանքներ ենք կատարում այն բարելավելու համար։ Եթե կան մարդիկ, որոնք համաձայն չեն այդ պայմաններում աշխատելու, կարող են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, բայց այն, որ պետք է ամեն ինչ կանոնակարգվի, փաստ է, քաոս չի կարող տիրել ոլորտում,  և խնդրում եմ այդ փաստը հաշվի առնեն։ Նոր պայմանները ենթադրում են պատճաշ վերահսկողություն։ Եթե ես թաքցնելու բան չունեմ, ապա ինչո՞ւ պետք է վախենամ այդ վերահսկողությունից։ Վերահսկման համակարգեր դրված են շատ ոլորտներում,  բանկային համակարգերում, իսկ եվրոպական երկրներում ավտոբուսներում ևս նման համակարգեր են տեղադրված»։

Նշենք նաև, որ տեսահսկման համակարգը հնարավորություն է տալու հետևելու միայն վարորդի վարքին, քանի որ ուղևորների սրահը տեսախցիկի տեսադաշտում չի լինելու։ Հետևաբար ավտոբուսներում գրպանահատությունն այն առայժմ չի կարողանա արձանագրել։ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ հաջորդ փուլով նախատեսել են տեսախցիկներ տեղադրել նաև ուղևորների համար նախատեսված սրահում։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Թարփոշյան էլ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ գործադուլ հայտարարած վարորդները կեսօրից հետո արդեն աշխատանքի էին դուրս եկել, և որ նրանց հետ ինքն անձամբ պայմանավորվածություն է ձեռք բերել խնդիրը կարգավորելու։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, Թարփոշյանն ասաց, որ վարորդների կողմից ի սկզբանե խնդրի թյուրըմբռնում է եղել, և իր բացատրությունից հետո նրանք վերադարձել են իրենց աշխատանքին՝ հասկանալով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախաձեռնությունն իրենց որևէ ձևով չի վնասի։ Երկար հարցադրումներից հետո, ի վերջո, Էդվարդ Թարփոշյանը խոստովանեց, որ տեղադրված տեսախցիկներից մեկը հանել է ավտոբուսից, որից հետո միայն վարորդները համաձայնել են դուրս գալ երթուղի։

Մինչդեռ, քաղաքապետի տեղակալն էլ հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տեսախցիկները հանելու հանձնարարական չի եղել, և եթե անգամ տեսախցիկը հանվել է, ապա նորից կվերադարձվի իր տեղը, իսկ այն վարորդները, որոնք չեն ցանկանա նշված պայմաններում աշխատել, կփոխարինվեն նոր վարորդներով։

 

Թագուհի Ասլանյան