Տուն ձեռք բերելու հարցում օգնելու փոխարեն, կառավարությունից Գայանեին մեկ արկղ ծիրան են ուղարկել (տեսանյութ)

Գայանե Ղուկասյանը երեք անչափահաս երեխաների հետ երկար տարիներ վարձով բնակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող խղճուկ կացարանում, որը դժվար է տուն անվանել։ Կիսախարխուլ, առանց պատուհանների, խոնավ ու կարիճներով, առնետներով լի այդ տարածքը երեխաների համար, ճիշտ է, իբրև տանիք է ծառայում, բայց նաև կարող է նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը։ Իսկ անձրևին ու ձյանն էլ տանիքից ջուրը ներս է լցվում՝ խոնավացնելով երեխաների անկողինն ու առանց այն էլ բորբոսնած պատերը։

Նշենք, որ սա միակ կացարանն է, որի համար ընտանիքն ի վիճակի է վճարելու խղճուկ 37 000 դրամ նպաստից ու տարբեր աշխատանքների շնորհիվ Գայանեի վաստակած գումարից։

Երեխաները փոքր են, ամենակրտսերը՝ 6-ամյա Սրբուհին է, Գուլյան 9 տարեկան է, իսկ 14-ամյա Մարտիկը մոր և քույրերի համար պատասխանատվությունը նաև իր ուսերին է վերցրել և մոր հետ հավասար տարբեր աշխատանքների է համաձայնում, որպեսզի կարողանա իր վաստակած չնչին գումարով քիչ թե շատ թեթևացնել մոր հոգսը։

Հիմա տան տղամարդը Մարտիկն է, որն առողջական խնդիրներ ունի։ Ժամանակին բժիշկները նրա մոտ էպիլեպսիա են ախտորոշել, սակայն անարդյունավետ բուժումից հետո պարզվել է, որ ախտորոշումը սխալ է, և այժմ նա պետք է նոր հետազոտություն անցնի։

Երեխաների երազանքն, իհարկե, սեփական տունն ունենալն է, և հենց այդ խնդրով են դիմել բարի մարդկանց ու բարերարների օգնությանը՝ հույսը կտրելով պետական կառույցներից։ Գայանեն նամակներ, դիմումներ է գրել նախկին ու ներկա կառավարություններին, բայց նամակները միշտ անպատասխան են մնացել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրած նամակին ի պատասխան, կարիքավոր ընտանիքին մեկ արկղ ծիրան են ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում