Արցախի Հանրապետության հողօգտագործողներին անհատույց կտրամադրվեն նռան տնկիներ

2019 թվականին հանրապետությունում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում այգեգործության զարգացման նպատակով նախատեսվում է հայտ ներկայացրած հողօգտագործողներին անհատույց տրամադրել նռան տնկիներ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ գյուղնախարարությունը։

Այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով և նախապատրաստված ծառատունկին (հերկված, տեղաձևած, տնկիների համար անհրաժեշտ փոսերը փորված): Տարածքի մակերեսը պետք է լինի նվազագույնը 1.0 հեկտար:

Նախատեսված տարածքների մակերեսների ճշտման և գործընթացի վերահսկման նպատակով կստեղծվի հանձնաժողով՝ նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի աշխատակիցների և տարածքային գյուղատնտեսների մասնակցությամբ: Հանձնաժողովը տեղում կճշտի այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքների մակերեսների վրա իրականացված նախապատրաստական աշխատանքների ընթացքը և ստուգայցի արդյունքներով (դրական կամ բացասական) կկազմի արձանագրություն: