Բաքուն նորից ստում է և խարդախում

Վերջերս, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Բաքու։ Ադրբեջանում նա հայտարարեց, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին որոշել են հրահանգել պետսահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով միջպետական հանձնաժողովի անդամներին վերականգնել աշխատանքները և վերջնականապես հաստատել երկրների միջև սահմանը, որը «պետք է միավորի, այլ ոչ թե բաժանի»։ Իսկ ի՞նչն այնպես չէ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի պարագայում։ Մեզանում ծայրաստիճան հազվադեպ են գրում վրաց-ադրբեջանական տարաձայնությունների մասին։ Փորձեմ համառոտ պատմել այդ մասին՝ հղումներ կատարելով վրացի և բաքվեցի փորձագետներին։

Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի կարծիքով, եթե տվյալ հարցում Թբիլիսիի կողմից հանդես բերվի համախմբված մոտեցում, ապա սահմանի գծանշումը «կարող է արդունավետ ավարտվել»։ «ԻնտերպրեսՆյուս»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Խնդիրը լուրջ է այն տեսանկյունից, որ այդ գործընթացը շարունակվում է 1996 թվականից և դրա վերջը չի երևում։ Համաձայնեցված է սահմանի մի մասը, մյուս մասը մնում է չհամաձայնեցված։ Վրացական և ադրբեջանական կողմերը շատ նրբանկատորեն են վիճարկում միմյանց հետ Գարեջայի (Դավիթ Գարեջայի վանքահամալիրի) տարածքը, և ոչ միայն դա… Թե որքանով արդյունավետ կլինի այդ ակտիվությունը, չեմ կարող ասել, սակայն եթե դելիմիտացիայի հարցում Վրաստանի իշխանությունները հանդես բերեն համախմբված մոտեցում և մշտապես գլխով չանեն ի պատասխան մեր ռազմավարական հարևանի պահանջների, բացառված չէ, որ այդ ամենն ավարտվի արդյունավետ»։ Քաղաքագետի խոսքերով, Զուրաբիշվիլին ազդեցության լծակներ չունի, նա չի ներկայացնում Վրաստանի գործադիր իշխանությունը, որը կարող է ստորագրել պետսահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթուղթը։ Այլ հարց է, որ նա «տեղից շարժեց գործընթացը, որը 22 տարի շարունակ մերթ սառեցված էր, մերթ ընթանում էր շատ դանդաղ։ Դա է նրա խնդիրը։ Մենք չենք կարող փոխզիջման գնալ, քանի որ մեզ ոչինչ չի մնացել փոխզիջման համար»։ «Sputniк Վրաստան» լրատվամիջոցին տված հարցազրույցում Արեշիձեն հետևյալ կերպ է գնահատել վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վրա աշխատող հանձնաժողովի աշխատանքը.

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հանձնաժողովը գնում է ոչ այնքան ճիշտ ճանապարհով, քանի որ նա չունի փաստաթղթերի այն զանգվածը, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակներում։ Ես խոսում եմ քարտեզների մասին։ Որոշակի հակասություններ կան տարբեր մասշտաբի քարտեզներում։ Ես համարում եմ, որ կողմերը պետք է հավաքեն փաստաթղթերի ողջ զանգվածը և դրանց հիման վրա ընդառաջ քայլեր անեն»։

Իր կանխատեսումներում ավելի զուսպ է վրացի մեկ այլ փորձագետ՝ Թոռնիկե Շարաշենիձեն։ Վրաստանի նախագահը լիազորություններ չունի, այնպես որ, կարող է միայն հայտարարություններ անել, համարում է նա։ Դրա հետ մեկտեղ, քաղաքագետը չի բացառում, որ կողմերի ցանկության դեպքում պետսահմանի հարցը կարող է լուծվել, սակայն բանակցությունները դժվար կընթանան։

«Ինչո՞ւմ եմ ես տեսնում ելքը, առ այսօր մենք ապրում էինք առանց դելիմիտացիայի, 28 տարի շարունակ, և կշարունակենք այդպես անորոշ ժամանակ»,- հայտարարել է Շարաշենիձեն։

Վրացական նշյալ փորձագետները լռում են մեկ խնդրի մասին, որը Վրաստանը հնչեցրել է նախորդ տարիներին, մասնավորապես, երբ արդիական էր հիշատակումը նախագահ Զվիադ Գամսախուրդիայի մասին։ Խոսքը վրացի-ինգիլոյցիների վիճակից Թբիլիսիի դժգոհության մասին է, որոնք ապրում են Ադրբեջանում և բնակության մի արեալում, որը Վրաստանում անվանում են Սա-Ինգիլո։

Axar.az կայքի թղթակցի հետ զրույցում «Baku Network» փորձագիտական խորհրդի ղեկավար, քաղաքագետ Էլհան Ալեսքերովը նշել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի գծանշման հարցը չափազանց կարևոր դրվագ է Բաքվի և Թբիլիսիի փոխհարաբերություններում։

«Ադրբեջանը տարածքային դժգոհություններ չունի Վրաստանի նկատմամբ,- ասել է նա։- Բայց, այ, Թբիլիսին դժգոհություններ է ներկայացնում Դավիթ Գրարենջայի համալիրի և Էրիսիմեդի գյուղի տարածքի նկատմամբ, ավելի ճիշտ՝ եկեղեցամերձ շրջանակները, որոնք համարում են, որ տվյալ տաճարը պատկանում է վրացական ժառանգությանը։ Թեև ակնհայտ է, որ որոշակի ժողովրդին այս կամ այն տաճարի ազգային պատկանելության բուն հարցադրումը ծայրաստիճան պարզունակ ձև է»։

Քաղաքագետն ընդգծել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է օգտագործել համալիրի տարածքը զբոսաշրջության զարգացման համար, թույլատրվել է նույնիսկ եկեղեցական արարողություններ անցկացնել, բայց որոշ շրջանակներ հարց են բարձրացնում այլ պատկանելության մասին, թեև տաճարը դասվում է «Կովկասյան Ալբանիայի» մշակութային ժառանգությանը, որի հուշարձանները պատկանում են Ադրբեջանին։

«Կարծում եմ, որ վերևներում արված հայտարարությունը արտացոլում է այն փաստը, որ Վրաստանը լուրջ է տրամադրված սահմանի գծանշման հարցում, և նորմալ մոտեցման դեպքում հարցը միանգամայն լուծելի է»,-ամփոփել է նա։

Նրա հետ համամիտ է նաև «Հարավային Կովկաս» քաղաքագիտական ակումբի ղեկավար Իլհար Վելիզադեն․ «Այս իրավիճակը, երբ սահմանն անցնում է վանքի հենց միջով, ձգվում է արդեն շատ վաղուց։ Ադրբեջանն առաջարկել է Վրաստանին փոխանցել շինարարական կառույցներից ազատ տարածքները, բայց Թբիլիսին չի համաձայնվել։ Իրենց կողմից, վրացիներն առաջարկել են փոխանակել Գյանջայի դարպասները վանական համալիրի հետ։ Տվյալ դեպքում ակներև է փոխանակման անհամարժեքությունը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հարցը համաձայնեցման փուլում է, և այժմ լուրջ շարժեր դեռ չեն կանխատեսվում ամենամոտ ապագայում, քանի որ խոսքը ոչ միայն Վրաստանի համար կարևոր, այլև Ադրբեջանի համար ոչ պակաս նշանակալի հուշարձանի մասին է։ Այդ պատճառով էլ հարցը առկախ վիճակում է։ Ամեն ինչ կախված է փորձագիտական խմբի աշխատանքի արդյունքներից. նրանց, ովքեր զբաղվում են սահմանների վերանայման հարցով։ Դա արդեն աշխատանքային գործընթաց է, որը բացառում է իրարանցումն իր շուրջ։ Ինչ-որ տեղեկատվական աղմուկ բարձրացնելը, աշխատանքային պահի նրբությունները լայնորեն հրապարակելը այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այսպիսի հարցի նկատմամբ, դա օգուտ չի տա, այլ միայն լրացուցիչ դժվարություններ կառաջացնի»։

Նշեմ, որ Ադրբեջանի հետ Վրաստանի ընդհանուր պետական սահմանի երկարությունը 446 կմ է, որի մեկ երրորդը դեռևս դելիմիտացված չէ։ Պետսահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվեց 1996 թվականին։ Դրա գործունեության 15 տարիների ընթացքում կատարվեց սահմանի ճշտման աշխատանքների գրեթե 70%-ը, բայց 2007-ից դելիմիտացիայի գործընթացում խոչընդոտներ առաջացան։

Դավիթ Գարենջայի համալիրի և Էրիսիմեդի գյուղի տարածքի վիճելիության հարցը վրացական հասարակության համար դարձավ բավական ցավոտ՝ նկատի առնելով վանքի պատմամշակութային և հոգևոր մեծ արժեքը։ Եվ, ահա, Վրաստանի նոր նախագահի Բաքու կատարած այցից և Ալիևի հետ նրա բանակցություններից հետո այդ հարցը, ըստ երևույթին, կրկին օրակարգում է։ Բայց, ինչպես տեսնում ենք, Բաքվի դիրքորոշման հիմքում դարձյալ նույն կեղծ «հայեցակարգն» է այն մասին, թե «Կովկասյան Ալբանիայի» մշակութային ժառանգության հուշարձանները պատկանում են Ադրբեջանին։ Պարզապես ընդգծեմ, որ կովկաս-ալբանական ամենահայտնի իշխանի անունը Ջեվան-Շիր էր, հին պարսկերենից թարգմանած՝ երիտասարդ առյուծ։ Լուրջ գիտնական-պատմագետները դժվար թե ժխտեն, որ իրանական անուն կարող էր կրել միայն իրանցին, այլ ոչ թե թյուրքը կամ կովկաս-ալբանացին…

 

Սերգեյ Շաքարյանց