ՀՀ Կառավարությունը կսուբսիդավորի գյուղոլորտին տրամադրվող վարկերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց, որ գյուղոլորտին տրամադրվող վարկերը սուբսիդավորվեն ՀՀ կառավարության կողմից: Գործադիրն առաջարկն ընդունեց։

«Ներկայում վարկերը գյուղացիական տնտեսություններին տրվում են 3-10 մլն դրամի սահմաններում, բայց կառավարությունը թույլ կտա ստանալ մինչև 15 մլն դրամի վարկ` միաժամանակ սուբսիդավորելով վարկերի համար գյուղացիներից գանձվող վարկային տոկոսները»,- ասաց գյուղնախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը։

Որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի ասածից շփոթ չառաջանա, նշենք, որ խոսքը ՀՀ պետբյուջեից գյուղացիական տնտեսություններին (բացառությամբ սահմանամերձ գյուղերում գտնվողների) տրամադրվող վարկային տոկոսների ոչ թե ամբողջական, այլ մասնակի սուբսիդավորման մասին է։

«Այսինքն` մենք հիմա հաստատում ենք ծրագիրը, որով մինչև 15 մլն դրամ վարկ գյուղացիները կարող են վերցնել 5 տոկոս տոկոսադրույքով, գյուղացիական կոոպերատիվները` 3 տոկոսով, սահմանապահ գյուղերը` 0 տոկոսով»,- կառավարության որոշումը հստակեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։