Զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ աճել է 23%-ով

2018թ․ Արցախ է այցելել 28 հազար 588 օտարերկրյա քաղաքացի, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23 %-ով: «Արցախպրեսի» տեղեկացմամբ, կայքի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը: Նա նշել է, որ Արցախ են այցելել զբոսաշրջիկներ աշխարհի 87 երկրներից:

«Այս տարի Իսրայելից Արցախ է այցելել շուրջ 112 զբոսաշրջիկ՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ,- ասել է Ս. Սարգսյանը:- Զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում նախընտրում է Ստեփանակերտը, Շուշին, Տիգրանակերտը, Դադիվանքը, Գանձասարը, Ազոխի քարանձավը»։

Ս. Սարգսյանն այնուհետ հավելել է, որ օտարերկրյա քաղաքացիներն Արցախի մասին տեղեկություններ են ստանում մայրաքաղաքի, Շուշիի, Տիգրանակերտի և Ծաղկաշատի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններից: