Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նախագիծը կքննարկվի մարտի 13-ին, ԱԺ արտահերթ նիստում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացը մնացել է օդի մեջ։

«2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ձևավորել ինքնավար մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,- ասաց նախարարը:- 2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման և մրցույթում հաղթողների ցուցակն Ազգային ժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, սակայն մինչ օրս Հանձնաժողովը չի կազմավորվել»։

Ա․ Զեյնալյանի առաջարկով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվեց մարտի 13-ին հրավիրվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգ:

Նիկոլ Փաշինյանն այս որոշման կարևորությունը մեկնաբանեց նրանով, որ մարտի 20-ին լրանում է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ-ի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը: