Իսկ կարմրուկով հիվանդը կամ նրա ծնողն առաջին անգամ ե՞րբ է դիմել բուժհաստատություն

Կարմրուկի բերովի երկրորդ դեպքն է արձանագրվել

 Ս․ թ․ մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի երկրորդ դեպքը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Հիշեցնենք, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ):

Դարձյալ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով:

Բնականաբար, հարցեր են առաջանում՝ հաշվի առնելով հենց այս վերջին հանգամանքը, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով։ Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ եթե հիվանդությունը ժամանակին չի հայտնաբերվում, և հիվանդը շրջապատից ժամանակին չի մեկուսացվում, ապա շատ-շատերին կարող է վարակել, մեզ հետաքրքրում է այն հարցի պատասխանը, թե Բրյուսելից Վրաստանով ՀՀ ժամանած անձի մոտ փետրվարի 25-ին կլինիկական երևույթների ի հայտ գալուց հետո, նա կամ (եթե երեխա է) նրա ծնողն առաջին անգամ ե՞րբ է դիմել բուժհաստատություն։