Նախատեսվում է 2019թ․ հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը

Բնապահպանության նախարարությունում անցկացվել է հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Բնապահպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019թ․ հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020թ․ հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, իսկ 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նշված տոպրակների վաճառքն ընդհանրապես։

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական տարրերից են, և խնդիրն առաջնային լուծում է պահանջում։ Հանրային քննարկման մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքների նախագծերի մշակմանը նախորդել են տևական ուսումնասիրությունները, միջազգային փորձի դիտարկումները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ նախարարությունում կազմակերպված քննարկումները։

Պոլիէթիլենային տոպրակներ արտադրող և ներկրող ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են արգելքն իրականացնել փուլերով և նախատեսվածից երկար ժամանակ սահմանել դրա համար, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը վերապրոֆիլավորել։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրել են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները պոլիէթիլենային տոպրակների ներկա և աճող վտանգների վերաբերյալ, ինչպես նաև դրա դեմ պայքարի իրենց փորձը։

Մոտ 2 ժամ տևած քննարկման ժամանակ կարևորվել է խնդրի լուծումը և դրա ժամկետների արագացմանը նպաստող ուղիների մշակումը։ Մտքերի փոխանակման արդյունքում որոշվել է առաջարկությունները գրավոր ներկայացնել  նախարարություն կամ e-draft.am կայքում հրապարակված օրենքների նախագծերի առաջարկներ բաժնում (հղում` https://www.e-draft.am/projects/1524 )։ Տնտեսվարող սուբյեկտներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում կազմակերպել ևս մեկ հանրային քննարկում օրինագծերի շուրջ։