Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների հինավուրց մշակութային առարկաներով լի քարանձավ (տեսանյութ)

Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ինստիտուտի հնագետները գտել են հին քարանձավ՝ ավելի քան հազար տարի անվնաս պահպանված առավել քան 155 մշակութային առարկաներով։ Այդ մասին հիշյալ ինստիտուտի կայքի վրա հղում կատարելով, տեղեկացրել է Tvzvezda.ru-ն:

Բալամկու («Հովազ աստված») անվանումը ստացած քարանձավների ցանցը հայտնաբերվել է Յուկատան թերակղզու հյուսիսում, որտեղ գտնվում են մայա ժողովրդի Չիչեն-Իցա սրբազան քաղաքի ավերակները։ Ինչպես հայտարարել են հնագետները, 1966 թվականին քարանձավը գտել են տեղի համայնքի գյուղացիները, բայց գտածոյի վայր եկած հնագետը կարգադրել է փակել մուտքը։ 50 տարով բոլորը մոռացել են քարանձավի մասին, մինչև որ մեքսիկացի հնագետները կրկին հայտնաբերել են այն։

«Բալամկուն թույլ կտա վերաշարադրել Չիչեն-Իցայի պատմությունը Յուկատանում,- ասել է նախագծի մասնակիցներից մեկը՝ հնագետ Գիլյերմո դե Անդան։- Հարյուրավոր հնագիտական գտածոները բացառիկ լավ են պահպանվել»։

Գիլյերմո դե Անդան նշել է, որ հայտնաբերված առարկաները, ինչպես և բուն քարանձավը թույլ կտան հնարավորինս շատ բան իմանալ «Ջրի կախարդների քաղաքի» ստեղծման և անկման մասին։

Քարանձավի կազմաբանությունը, նեղ անցումները, որոնցով հարկ էր լինում սողալ, դժվարանցանելի մուտքը վկայում են այն մասին, որ հայտնաբերված առարկաները՝ աստվածների պատկերներով զարդարված կավե անոթները, բուրվառ հիշեցնող իրերը եղել են մայա ժողովրդի ծիսական պարագաներ։

Առայժմ անցկացվել է նախնական զննություն, առանց պեղումների, ուստի հնագետները ենթադրում են, որ քարանձավի չափերը կարող են ավելի մեծ լինել, ինչպես և գտածոների թիվը։

Չիչեն-Իցան մայա քաղաքակրթության քաղաքական ու մշակութային կենտրոնն է, որը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի հյուսիսում։ Այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։