Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ԵԽ-ում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառմանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել ԵԽ-ում, որում մասնավորապես ասել է․

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և որպես Արցախի խորհրդարանի նախագահ՝ առանձնակի կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հենց Եվրոպական Միության խորհրդարանի շենքում, մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության, օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:

Այս իմաստով պետք է արժանին մատուցել եվրոպական միջավայրում գործող կառավարական և հասարակական կազմակերպություններին, որոնց առօրյա աշխատանքը միտված է աշխարհում երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղության հաստատմանը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին և Թուֆենկյան հիմնադրամին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի ժողովրդի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսին, մի մարդու, ում աշխատանքային գործունեությունը փաստում է վերոնշյալ արժեքների համար պայքարելու իր հանձնառությունը:

Հարգելի գործընկերներ,

Այլատյացությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանն սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր ցանկացած դրսևորմամբ քայքայում է համագործակցության մթնոլորտը երկրագնդի տարբեր վայրերում: Առավել վտանգավոր է, երբ այլատյացությունը և ատելության խոսքը վեր են ածվում պետական քաղաքականության՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կասկածի տակ դնելով ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Եվ չնայած միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին՝ միջազգային կառույցների կողմից ընդունվող իրավական փաստաթղթերին և դրանց իրագործմանն ուղղված գործնական քայլերին՝ դեռևս ամբողջությամբ չի հաջողվում ներդնել այլատյացությանը հակազդելու արդյունավետ գործիքներ: Այս համատեքստում հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընկալելի կլինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել, հակառակը՝ այլատյացություն սերմանողը ի վերջո հայտնվում է սեփական ձեռքերով կառուցված թակարդում:

Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:

Դեռևս 1988թ. հուլիսին Եվրոպական խորհրդարանը, թեկուզ ուշացումով, անդրադարձել է նույն տարվա փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայատյացության հստակ դրսևորմամբ իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հայ բնակչության ջարդին: Բանաձևում խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանական իշխանությունների՝ հայ բնակչության կյանքին անմիջական սպառնացող գործողությունները և կոչ արել Խորհրդային Միության իշխանություններին օրենքի սահմաններում պատժել ջարդարարներին: Օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:

Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում՝ Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Շատ պարզ բանաձև է ընկած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում. քանի դեռ դու հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդդիմախոսի, իսկ հեռանկարում նաև՝ գործընկերոջ, շատ դժվար է, եթե ոչ անհնարին կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև մեր հարևան Ադրբեջանում, բայց այս դեպքում զարմանալի է, թե ո՞ւմ են ուղղված հակամարտության կարգավորումը ձգձգվելու մասին նրանց մշտական բողոքներն ու դժգոհությունները:

Հարգելի ներկաներ,

Համոզված եմ, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է մեզ բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր ցանկացած բարդ իրավիճակից: Ուստի կրկին ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ մաղթում եմ բոլորիս օգտակար քննարկումներ»: