Հայաստանի վարչապետը հուսով է, որ Ռուսաստանի նախագահն այս տարի կայցելի Երևան

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, կողմերը ներկայումս քննարկում են այցերի ժամկետները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Երևան, ինչպես նաև տեղի կունենա իր այցը Մոսկվա։ Այս մասին Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է ՏԱՍՍ-ի թղթակցին Բրյուսելում, որտեղ նա գտնվում էր երկօրյա այցով՝ մարտի 4-5-ին։

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երևան և իմ այցը՝ Մոսկվա»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքերով, կողմերը ներկայումս քննարկում են այցերի ժամկետները։ «Հստակ ամսաթվեր դեռ չկան, մենք այժմ քննարկում ենք դրանք: Վերջին քննարկումը մեկ շաբաթ առաջ էր. ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ հեռախոսով, և մենք զրույցի ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր վարչակազմերը քննարկում են հարցն այժմ»,- պարզաբանել է նա:

Բացի այդ, Փաշինանը ծրագրում է մոտ ժամանակներս հանդիպել նաև ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաև վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հետ»,- նշել է նա:

Հայաստանի վարչապետն այդ կապակցությամբ հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհուրդը։ Ինչպես ծրագրվում է, կժամանեն ԵԱՏՄ երկրների բոլոր վարչապետները, այդ թվում նաև՝ Դմիտրի Մեդվեդևը, հավելել է Փաշինյանը։

Անդրադառնալով ԵՄ կատարած իր այցի թեմային, Փաշինյանն ընդգծել է, որ Երևանի և Բրյուսելի համագործակցությունը լիովին թափանցիկ է Ռուսաստանի համար։ «Ես ցանկանում եմ ընդգծել մի շատ կարևոր դետալ. մենք այս գործընթացներում թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների համար,- ասել է նա։- Շատ կարևոր է, որ Եվրամիությունը որևէ աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր առաջ չի քաշում, չի ներկայացնում նաև պայմաններ գործընթացի համար»:

«Այս համագործակցությունը,- հավելել է ՀՀ վարչապետը,- վերաբերում է միայն Հայաստանի ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո: Բարեփոխումների օրակարգը շատ կարևոր է մեզ համար»:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայի հետ իր երկրի տնտեսական համագործակցության հետագա զարգացման գերակա ուղղությունը ԵԱՏՄ-ն է։

«Փաստ է, որ ԵԱՏՄ-ում մեր գլխավոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է,- նշել է նա։- Դա մի կողմից լավ է, սակայն մյուս կողմից էլ ստիպում է մտածել հետագայում այդ հարաբերությունները զարգացնելու մասին: Սակայն մեզ համար շատ կարևոր է, որ փոխադարձ առևտրաշրջանառությունը լինի լավ մակարդակի վրա միության մյուս անդամների հետ ևս, քանի որ դա կնշանակի, որ ԵԱՏՄ-ն զարգանում է: Մենք դրա համար կանենք այն, ինչ անհրաժեշտ է»։

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է անցկացրել Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև ելույթ ունեցել Եվրախորհրդարանում։