ԱԻ նախարարությանը տրամադրվել է «Nissan-Patrol» արագ արձագանքման 10 մեքենա

Մարտի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել 10 միավոր ճապոնական «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև փոխհարաբերություններում մշտապես գրանցվել է առաջընթաց: Համագործակցության կարևոր ուղղություններից է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի կողմից իրականացված «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» այս ծրագիրը, որի շրջանակներում ԱԻ նախարարությանը տրամադրված 10 արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում սպասվում է նաև հրշեջ-փրկարարական մեքենաների հերթական խմբաքանակը՝ 36 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և 1 արհեստանոց, որով տեխնիկապես կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և Ճապոնիայի կառավարությանը արդյունավետ համագործակցության և անհրաժեշտ ու նպատակային աջակցության համար, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշել է.

«Սա մեր ճգնաժամային արձագանքման կարողությունների հզորացման լրջագույն համալրում է, որը հնարավորություն կտա քաղաքային պայմաններում դեպք-պատահարների ժամանակ իրականացնել օպերատիվ, համակարգված և թիրախային արագ արձագանքում, արդյունավետ ճգնաժամային կառավարում»:

Ըստ դեսպան Ջուն Յամադայի, 1991թ․ Ճապոնիան ձգտում է նպաստել տարբեր ոլորտներում Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը՝ տեխնիկական համագործակցության, դրամաշնորհային օժանդակության և վարկային ծրագրերի միջոցով:

«Հավատացած եմ, որ նման փոխգործակցությունը, որը երկու երկրների կողմից ուղղված է աղետների նկատմամբ տոկուն հասարակության կերտմանը, հետագայում էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը՝ ոչ միայն կառավարական, այլև մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսակյունից»,- նշել է Ջուն Յամադան:

Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն և Ջուն Յամադան մանրամասն ծանոթացել են տրամադրվելիք տեխնիկային և օժանդակ սարքավորումներին:

***

ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016 թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:

Ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ համաձայնագրի, դրամաշնորհն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից, որը հանդես է եկել որպես Գործակալ:

Բանակցություների արդյունքում որոշվել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն: