Յուրացում Օձունի համայնքապետարանում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը 2017-18 թթ․ ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը, ընդհանուր առմամբ, երեք միլիոն 600 000 դրամը յուրացվել է:

Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: