Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան, եթե․․․

Վազգեն Սարգսյանի համոզմունքն էր․ «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»։

Թերևս ավելորդ է ասել, որ այս տողերը Վազգեն Սարգսյանի համար շատ բնութագրական են։ Արցախի հերոս, ռազմական, քաղաքական ու պետական գործիչ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, որն էլ ավարտելուց հետո աշխատանքի է անցել հարազատ գյուղի դպրոցում, այնտեղ դասավանդելով 1979-83 թթ.:

Վազգեն Սարգսյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել որպես գրող-լրագրող՝ 1985թ. դառնալով Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90 թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987թ. «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։ Վազգեն Սարգսյանը, սակայն, այլ առաքելություն ուներ: Նա Արցախյան շարժման առաջին իսկ օրերից դրա ակտիվ մասնակիցներից մեկն էր։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։

Վազգեն Սարգսյանը եղել է՝

1990-1995թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,

1990-1992թթ. Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ,

1990-1992թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար (1990-91 թթ. Վազգեն Սարգսյանի հրամանատարության ներքո միավորվել են Երկրապահ կամավորական ջոկատները),

1991-1992թթ. ՀՀ պաշտպանության նախարար,

1992-1993թթ. ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ,

1993թ.-ից «Երկրապահ» կամավորական միության նախագահ,

1993-1995թթ. ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար,

1995-1999թթ. ՀՀ պաշտպանության նախարար,

1999թ. ՀՀ վարչապետ։

1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով «Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած հաղթանակի շնորհիվ, 1999թ. հունիսից դարձել է ՀՀ վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում դրսևորել է պետական տաղանդավոր գործչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։