ՊՆ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության համատեքստում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակին։ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա, կոչ անելով միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային այլ հարցեր: