Բացահայտվել են մեծաքանակ անասնագողություններ

Մարտի 1-ին, ժամը 07։30-ին Արտաշատ քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հայտնել է, որ փետրվարի 28-ի ժամը 18.00-ից մինչև մարտի 1-ի ժամը 04.00-ը, օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից, անասնագոմից գողացել են խոզ, իսկ հավաբնից 7 հնդկահավ՝ պատճառելով մոտ 120 000 դրամի վնաս: ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Հայկաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Ս․-ն։ Նույն օրը, ժամը 12.30-ին նա հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նախկինում և Արմեն Ս․-ն կատարել է մի շարք անասնագողություններ, մասնավորապես, փետրվարի 12-ի գիշերը Գայ գյուղի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խ․-ի հետ Վեդի քաղաքի մի բնակչի անասնագոմի պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պատռելով, գողացել են 1 ցլիկ, 2 հորթ, 15 ոչխար և 5 գառ։ Դեպքի առթիվ բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Մարտի 1-ին, ժամը 19.00-ին Նարեկ Խ․-ն բերման է ենթարկվել բաժին:

Պարզվել է նաև, որ փետրվարի 5-ի գիշերն Արմեն Ս․-ն և Նարեկ Խ․-ն, պատուհանի մետաղյա ցանցը պոկելով, Ավշար գյուղում գտնվող մի քաղաքացու անասնագոմից գողացել են 15 ոչխար։ Բացի դրանից, պարզվել է, որ փետրվարի 19-ին Արբաթ գյուղի մի ֆերմայից Արմեն Ս․-ն գողացել է 12 ցլիկ: Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Փետրվարի 28-ին Վեդի քաղաքի մեկ այլ անասնագոմից Արմեն Ս․-ն հորթ էր գողացել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։