Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այսօրվա արձագանքի առիթը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Ըստ ԱԱԾ-ի, եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության:

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ցանկացողներն Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող են այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (sns.am):

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործող «ՀՀ Ազգային Անվտանգություն» անվամբ էջում մոտ 15 ժամ առաջ հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը․

«Ի պատասխան պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից ԱԱԾ աշխատակիցներին ուղղված վիրավորանքին, ԱԱԾ-ն Դ. Սանասարյանի հանրային գնահատականը դիտարկում է որպես ՀՀ իրավական համակարգի դեմ ուղղված պաշտոնական դիրքի չարաշահմամբ ազդեցության գործարկում: ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ պետական մարմինների պաշտոնյաների կողմից ՀՀ իրավապահ մարմինների վրա իրականացվող ճնշումները դիտարկվում են որպես կոռուպցիա և պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ»:

Ամենայն հավանականությամբ, հենց վերը մեջբերված տեղեկատվությունն է ԱԱԾ-ի հիշյալ արձագանքի առիթն հանդիսացել։