Թուրքիան և Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը (տեսանյութ)

ՄԱԿ ՄԻԽ-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթը

 Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Պետրոսյանը հանդես է եկել ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը թերարժեքության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվել է, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական սկզբունքներով կառավարվելուց և ամենավերջին երկիրն է աշխարհում, որ իրավասու է խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին, քանզի հազարավոր լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ակտիվիստներ, ակադեմիայի ներկայացուցիչներ և Թուրքիայի ներկայիս կառավարության ընդդիմախոսներ գտնվում են բանտում կամ աքսորված են:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, Արմինե Պետրոսյանը շեշտել է, որ եթե Ադրբեջանը անկեղծ է տարածաշրջանում ճշմարտություն և արդարություն հաստատելու իր նպատակներում, ապա սեփական կեղծված պատմությունը, այսպես կոչված` «Խոջալուի իրադարձությունները» ներկայացնելու փոխարեն, պետք է անդրադառնար Սումգայիթում հայերի կոտորածներին, որոնք ազդարարեցին Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի ջարդերի և էթնիկ զտումների սկիզբը: Սեփական ժողովրդի մոտ զոհի շինծու բարդույթի արհեստական ներդրումը լավագույն միջոցը չի ծառայում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:

Ելույթի ավարտին բանախոսն ընդգծել է, որ ավանդական հակահայկական քարոզչություն իրականացնելու փոխարեն, Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դեմ ուժով պայքարում է իր կազմավորման օրվանից ի վեր: Եզրափակելով իր խոսքը, Հայաստանի ներկայացուցիչն ասել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը։