Արամ Դանիելյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: Հայտնելով այս մասին, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Արամ Դանիելյանը 2002-2018 թթ․ հուլիսի 1-ը հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018 թթ. յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից, ընդհանուր առմամբ, 102 198 525 դրամ, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019թ․փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել է: 2019թ․ թվականի փետրվարի 28-ին վերջինս ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառած 102 198 525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:

Նախաքննությունը  շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: