Արցախի Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ

ՊԲ-ի 2019թ․ պատրաստության պլանի համաձայն, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-27-ն անցկացվել են բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնցում ընդգրկվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:

ԱՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, պայմանականորեն ծավալվել են մարտական կառավարման կենտրոններ, որտեղ համաձայն ստացված ներմուծականների, իրականացվել են հաշվարկներ ու կատարվել վերլուծություններ, ընդունվել որոշումներ և ըստ այդմ համապատասխան խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:

Շտաբային մարզումների ընթացքում խաղարկված դրվագները բխում են հանրապետության զինված ուժերի զարգացման արդի տրամաբանությունից ու լիովին համապատասխանում այն խնդիրների բովանդակությանը, որոնք այսօր դիտվում են որպես առաջնահերթություն մեր երկրի անվտանգության ապահովման համատեքստում: