Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է (նկարներ)

«Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո, մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին»,- ասել է մեծանուն նկարիչը:

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29-ին, Ռուսաստանում,   Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմյան Դոնի  Ռոստովում): Սարյանի նախնիներն այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից:

Հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է յուրահատուկ արվեստ, որն այդպես էլ անվանվել է՝ «սարյանական»: Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը մեծապես նպաստել է հայ ժողովրդի պատմության, նիստուկացի և մշակույթի խոր ուսումնասիրությունը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Նկարչի գործերը հիմնականում պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն պատկերասրահներում և թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): 1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ: