Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները,- ասել է նախագահը:- Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ։ Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։ Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: