Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով համացանցի տարանցիկ կապուղի

«Ucom» ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Համաձայն փաստաթղթի, Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով համացանցի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է «Ucom» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին և Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։

«Այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու,- նշել է «Ucom» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։- Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը, փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»։