Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը: «Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, կոնգրեսականն իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց ողջ-ողջ այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը»:

Ադամ Շիֆը խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ ջարդերն անմիջական հետևանքն էին Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ իրականացրած արատավոր, ռասիստական, հակահայկական քարոզչության, որը միտված էր նվաստացնել Ադրբեջանում բնակվող հայ քաղաքացիներին՝ այդպիսով հող նախապատրաստելով զանգվածային բռնությունների համար։

«Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում,- ասված է հայտարարության մեջ։- Ակնհայտ է, որ նույնիսկ մեր օրերում  Ադրբեջանում գերիշխում է հայերի և Հայաստանի դեմ ռասիստական քարոզչությունը»։

Շիֆն իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ դա որակելով որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելությունն ու ագրեսիան ներկայացնող վայրագ հանցագործություն:

«Ադրբեջանը շարունակում է ատելություն և ագրեսիա դրսևորել հարևան Հայաստանի նկատմամբ․ չկա ավելի դրամատիկ վկայություն, քան այն, որ Ադրբեջանում տոնում են այս սառնարյուն սպանությունը»,- նշել է նա՝ դատապարտելով Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումը և այնտեղ վերջինիս հերոսացումը:

«Երկու ամսից  հետո Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է, որն ամեն կերպ հերքում է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան,- շեշտել է Շիֆը։- Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ նմանատիպ հանցանքները մնան չճանաչված՝ անկախ նրանից, թե երբ են իրականացվել՝ 30 տարի առա՞ջ, թե 100։ Այսօր պետք է լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի վայրագություններին զոհ դարձած հայերի հիշատակը։ Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»։