Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթում հայերի ջարդերը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական Սումգայիթում հայերի ցեղասպանության 31-րդ տարելիցի հետ: Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթում հայերի ջարդերը։

«Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ կոնգրեսականի, 31 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ հայեր: Բռնաբարվել են կանայք եւ երիտասարդ աղջիկներ, զոհերին խոշտանգել են և այրել:

«Ադրբեջանն ավելի քան 30 տարի փորձում է թաքցնել սումգայիթյան վայրագությունները»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ավելի շատ մտահոգում է այն, որ այդ իրադարձությունների կազմակերպիչները համարվում են Ադրբեջանի ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի և դատապարտի խաղաղ բնակիչների վրա հարձակումները: Այս պատճառով ես շարունակում եմ աջակցել հայ ժողովրդին և այս ջարդերը դատապարտում եմ: Ցավոք, հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը փաստացի չի փոխվել»,- նշել է Փալոնեն՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից շարունակվում է ահաբեկելու հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի բնակիչների դեմ: