Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին վարկեր կտրամադրվեն մատչելի պայմաններով

Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։

Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետը` առավելագույնը մեկ տարի:

Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը:

Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին: