Պակիստանի ՌՕՈՒ-ն հնդկական երկու ինքնաթիռ է խփել (տեսանյութ)

Հնդկաստանի կործանիչները ներխուժել են երկրի օդային տարածք․ պնդում են Պակիստանի զինվորականները

Պակիստանի ռազմաօդային ուժերը խփել են Հնդկաստանի ՌՕՈՒ-ի երկու ինքնաթիռ, որոնք, ինչպես համարում են Իսլամաբադում, խախտել են երկրի օդային սահմանը։ Այս մասին այսօր հաղորդել է Պակիստանի զինված ուժերի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը։ Նրա խոսքերով, հնդկական ինքնաթիռներից մեկի օդաչուին գերի են վերցրել։

«Ինքնաթիռներից մեկն ընկել է Ազադ Ջամմու և Քաշմիրի տարածքում (Պակիստանին ենթակա չճանաչված պետություն վիճելի Քաշմիրի հյուսիսային մասում), իսկ մյուս ինքնաթիռն ընկել է Քաշմիրի հնդկական կողմում,- հաղորդել է զինված ուժերի մամուլի քարտուղարը։- Հնդիկ օդաչուն զորքերի կողմից ձերբակալվել է գետնի վրա»։

Նշենք, որ Հնդկաստանի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները խախտել են սահմանազատման գիծն ի պատասխան այսօր առավոտյան Պակիստանի ձեռնարկած գործողությունների։ Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ իսլամական հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչներն անցել են սահմանազատման գիծն ու հնդկական կողմում կատարել ցուցադրական հրթիռային հարված բնակավայրերից հեռու գտնվող ոչ ռազմական նշանակետերին։

«Գործողության միակ նպատակն էր՝ ցույց տալ, որ մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք և պատրաստ ենք դրան,- հայտարարել էր Պակիստանի ԱԳՆ-ը։- Տվյալ քայլին մենք դիմել ենք օրը ցերեկով, որպեսզի տեղ հասցնենք մեր թափանցիկ նախազգուշացումը»։

Վերոնշյալ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հնդկական օդուժը հարվածներ է հասցրել պակիստանյան տարածքում, Բալակոտ քաղաքի մերձակայքում տեղակայված «Ջաիշ-է-Մուհամմադ» («Մուհամեդի բանակ») ահաբեկչական խմբավորման ճամբարին։

«Նյու Դելիի» հրապարակած տեղեկատվության համաձայն, Հնդկաստանի ՌՕՈՒ-ի «Միրաժ-2000» 12 ինքնաթիռներ լազերային դիպուկ նշանառության ռումբեր են գցել ճամբարի վրա և հիմնահատակ ոչնչացրել այն, սպանվել են մինչև 300 գրոհայիններ։

Հիշեցնենք, որ «Ջաիշ-է-Մուհամմադ» խմբավորումն իր վրա է վերցրել Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում փետրվարի 14-ին զինվորական շարասյան վրա գործած հարձակումը, որը 45 մարդու կյանք է խլել։