Նախարար Հակոբ Արշակյանը Բարսելոնայում ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարսելոնայում մասնակցել է շարժական կապի համաշխարհային կոնգրեսի (Mobile World Congress) նախարարական ծրագրի աշխատանքներին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, կոնգրեսի հիմնական թեմաներն առնչվել են աշխարհի առջև ծառացած նոր մարտահրավերներին։

Քննարկվել են կապի համաշխարհային համակարգերին երկրագնդի բնակչության միանալու հնարավորությունները, տեխնոլոգիական այնպիսի կարողությունների ապահովումը, որոնք հնարավորություն կտան զարգացնելու ենթակառուցվածքները, 5G տեխնոլոգիայով համացանցի հնարավորությունների բարձրացումը, ինտերնետ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում մարդկանց կյանքի որակի դրական փոփոխությունը, «սպառողների ինտերնետից» անցումը «արդյունաբերության ինտերնետի», ինչը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և այլ հարցեր։

Տարբեր հարթակներում քննարկումների, բարձրաստիճան պաշտոնյաների և ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ընդգծել հայ մասնագետների ունեցած ներուժն ու հնարավորություններն այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերում։ Նախարարն անդրադարձել է ազգային վենչուրային ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագրին, որի շնորհիվ Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում հնարավոր կլինի անհրաժեշտ ներդրումներ կատարել, ինչը հնարավորություն կտա ապահովել դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա դուրս գալու հնարավորությունը։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև այն քայլերը, որոնք կնպաստեն Հայաստանի ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչմանը, հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացմանը, մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացմանը։